3 мар. 2011 г.

ԱՄԵՆՕՐՅԱ ՀԵՐԹԵՐ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՌՋԵՒ


  Վերջերս Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի շենքի առջև ու ներսում ամեն օր մարդկանց հոծ բազմություն է հավաքվում:
  Պատճառը սոցիալական ոլորտում կառավարության հայտարարած հերթական փոփոխությունն է: Անապահով խավին հասցեագրված սոցիալական հատկացումների չարաշահումները բացառելու համար գործադիրի որոշմամբ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին բնակչության պետռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը հետայսու տրամադրելու է ոչ թե համայնքապետարանը, այլ անձնագրային բաժանմունքը:

  Մարտունու տարածաշրջանում առկա պատկերը այդ որոշումն իրագործելիս մտահոգության տեղիք է տալիս: Այն 1990-ականների հացի հերթերն է հիշեցնում: Բաժանմունքի ներսում ասեղ գցելու տեղ չկա, մինչդեռ դրսում գտնվողներն էլ հույս ունեն հայտնվել այնտեղ իրար սեղմված մարդկանց մեջ` օրառաջ իրենց փաստաթղթերն ստանալու համար:  
  Նպաստառուները դժգոհում են, որ մի կողմից սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության կողմից սահմանված ժամկետներն են սահմանափակ, մյուս կողմից էլ անձնագրային բաժանմունքում ստեղծված վիճակն է ուշացման պատճառ դառնում: 
  Հերթում, մարդկանց պատմելով, հաճախ հրմշտոցի պատճառով վեճեր ու ուշագնացության դեպքեր են լինում: Մարտունի քաղաքից բավականաչափ հեռու գտնվող գյուղերի բնակիչներից ոմանք էլ նշում էին, որ արդեն հոգնել են օրերով անիմաստ գնալ-գալուց` վատնելով գումար,ժամանակ ու նյարդեր: Նրանցից շատերն արդեն 10-20 օր է այստեղ իրենց հերթին են սպասում:                                                         


  Լեռնակերտ գյուղի բնակչուհի Սեյրան Մրտեյանը, հարևանուհու խնամքին թողած իր երեխաներին ու հիվանդ ամուսնուն, դժգոհում էր, որ մինչև հերթն իրեն հասնի, արդեն իսկ կզրկվի հունվար ամսին իրեն հատկացվող նպաստից, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ աշխատող ձեռք չունեցող ընտանիքը չի կարող տարրական կոմունալ վճարումներն իսկ կատարել: “Վաղը կգան գազի, լույսի փող կուզեն որտեղից տամ”, հուզված ասում էր Ս. Մրտեյանը` հավելելով, որ եթե այս վիճակը երկար շարունակվի, երեխաների հետ կառավարության դուռն է գնալու:   


  Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ այս օրերին Մարտունու անձնագրային բաժանմունքը խստացված գրաֆիկով է աշխատում` առավոտյան ժամը 9.00-ից մինչ կեսգիշեր: Սակայն փաստն այն է, որ փոքրաթիվ աշխատակազմով այն չի հասցնում սպասարկել մարդկանց` ծավալուն ևս մեկ գործառույթի ավելացման պարագայում, ինչը, կարծես, հաշվի չեն առել բարեփոխման հեղինակները: Մինչդեռ ընտանեկան նպաստ ստանալ ցանկացողների հետ նույն վիճակում են հայտնվել բաժանմունքի այլ ծառայություններից օգտվողները ևս: Լրացուցիչ բարդություն է առաջացրել մինչ այս արված հաշվառման հասցեների բազմաթիվ փոփոխությունները: Մեկի տան հասցեով հարևանի հարսին են գրանցել, մյուսին իրեն են գրանցել այլ հասցեով… 

  Զավեշտալի իրավիճակում է հայտնվել լիճքեցի 29-ամյա Սիրական Սիրականյանը. Երբ վերջինս իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո միանվագ պետական օժանդակությունը ստանալու համար դիմել է անձնագրային բաժանմունք` շնչերի վերաբերյալ տեղեկանք ստանալու, պարզվել է, որ ոչ ավել ոչ պակաս 3-ի փոխարեն 5 զավակ ունի հաշվառված իր ընտանիքում: 2005 թվականին ամուսնացած Սիրականի երեխաների թվին են դասվում 1996-ին ծնված Հասմիկն ու 2001-ին ծնված Արան: Պարզվում է, որ գյուղում նույն անուն-ազգանունը կրող մարդու զավակներն են, բայց առկա փաստը անձնագրային բաժանմունքում հիմք չի հանդիսացել, Ս. Սիրականյանի դիմումի համաձայն հարցում է ուղարկվել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչություն ու պատասխանը դեռ չի ստացվել…  Ու նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, որոնք էլ հերթային քաշքշուկի լրացուցիչ  պատճառ  են դարձել… 


  Իսկ ստեղծված վիճակից դժգոհ մարդիկ խնդրի լուծման իրենց տարբերակներն են առաջարկում. Եթե հնարավոր չէ կրկին ընտանեկան նպաստի տեղեկանքների հատկացման գործառույթը տալ ՏԻՄ-երին, ապա գոնե նախ դրանց ներկայացման վերջնաժամկետները երկարաձգվեն, ավելացնեն, թեկուզ ժամանակավորապես, անձնագրային բաժանմունքի աշխատողների թիվը, ըստ համայքների սպասարկեն կամ էլ լիազոր ներկայացուցիչներ գործուղեն գյուղեր`տեղում գործընթացը կազմակերպելու:  
   Ինչպես տեղեկացա քաղաքացիներից, երեկ Մարտունու անձնագրային բաժանմունք է այցելել նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ու որպես խնդրի լուծում առաջարկել է ևս 2 համակարգիչ ավելացնել…

ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի, հանրային թղթակից ծրագրի շրջանակում հատուկ lragir.am-ի համար    
15:42:42 - 02/03/2011   
 Տես նաև` http://www.lragir.am/armsrc/country44782.html3  


Հ.Գ.  Մինչ այս տեսանյութ է ցուցադրվել այս թեմայով նաև <<Երկիր Մեդիա>> և <<Գեղամա Մեդիա>>  հեռուստաալիքներով



Комментариев нет:

Отправить комментарий